Կնոջ առողջությունը ծննդաբերությունից հետո




Loading...

Երբ բալիկը լույս աշխարհ է գալիս, մայրիկներն ամբողջովին տարվում են այդ հրաշքով և մոռանում են իրենց ինքնազգացողության մասին, սակայն պարզվում է, որ առողջության մասին հոգ տանելը առավել քան կարևոր է հենց հետծննդաբերական շրջանում, իսկ թե ինչու, խոսել ենք  «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Գարեգին Մինասյանի հետ:

Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում և ինչի՞ց պետք է զգուշանալ:

Ծննդաբերական գործունեությունը համարում ենք ավարտված, երբ  բալիկը ծնվում է և տեղի է ունենում ընկերքի անջատում: Կինն արդեն անցնում է հետծննդաբերական շրջան: Գոյություն ունի վաղ հետծննդաբերական շրջան, որը տևում է ծննդաբերությունից հետո երկու ժամ: Շատ ժամանակ, երբ մենք երեխայի ծննդից հետո դուրս ենք գալիս հարազատներին պատասխանելու, նրանց մոտ անմիջապես հարց է ծագում, թե ինչու մորը հիվանդասենյակ չենք տեղափոխում: Պատճառն այն է, որ առաջին երկու ժամը նոր ծննդաբերած կնոջ համար ամենավտանգավորն են, քանի որ ամենառատ արյունահոսությունները հենց այդ ժամանակ են տեղի ունենում:
Գոյություն ունի նաև ուշ հետծննդաբերական շրջան, որը ծննդաբերությանը հաջորդող 42 օրն է: Երբ ժողովուրդն ասում է, թե հարկավոր է այդ շրջանում քառասունք պահել, լիովին արդարացված է նաև գիտականորեն:
Միջավայրը, մարդիկ, որի հետ երեխան ու մայրը շփվում ունեն, պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ նրանց օրգանիզմն այդ ընթացքում շատ խոցելի է, և տարատեսակ վարակները շատ հեշտ են ընկճում իմունիտետը, ինչը հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
Ուշ հետծննդաբերական շրջանը շատ կարևոր է, և մենք հատկապես առաջնածին մայրերին  համապատասխան խորհուրդներ ենք տալիս: Դրանցից են օրինակ՝ ծանրություն չվերցնելը (5 կգ և ավելի), տաք վաննաներ չընդունելը, ոտքի վրա երկար չմնալը և այլն:

Загрузка...

Ուշ հետծննդաբերական շրջանում որո՞նք են ամենից հաճախ հանդիպող բարդությունները:

Հատկապես առաջնածին մայրերի մոտ ամենից հաճախ հանդիպող բարդությունը մաստիտն է:
Մաստիտը կրծքագեղձի բորբոքումն է, սակայն մինչև մաստիտ ունենալը դրան նախորդում մեկ այլ շրջան՝ լակտոստազը: Ի՞նչ է դա. ծննդաբերությունից հետո առաջին երեք օրերի ընթացքում կանայք գանգատվում են՝ թե կաթ չունեն, սկսում են օգտագործել տարատեսակ ժողովրդական միջոցներ կաթը վերականգնելու համար: Իրականում առաջին 3 օրվա ընթացքում կրծքագեղձում առաջանում է խիտ կաթ կամ խեժ կոչվածը, որը ծավալով մեծ չէ, սակայն շատ խիտ է և այնքան էներգետիկ արժեք է պարունակում, որն ամբողջությամբ բավարար է երեխայի համար: 3-րդ օրվանից հետո կնոջ մոտ շատ արագ ակտիվանում է կաթնարտադրությունը: Կրծքագեղձերը լցվում են, և բալիկը քանի որ  դեռ փոքր է լինում, չի հասցնում այդ կաթն ամբողջությամբ յուրացնել և առաջանում է լակտոստազ: Այսինքն՝ կաթը մնում է և համապատասխան հատվածից դուրս չի գալիս, կոշտանում է, իսկ հետագայում՝ բորբոքվում: Այս դեպքում կինն ունենում է բարձր ջերմություն, դող, սարսուռ և հիվանդանոց դիմելուն պես անցնում է համապատասխան բուժզննում, որից հետո լիքը կրծքագեղձը դատարկվում է հատուկ կթիչների օգնությամբ, ջերմությունն անմիջապես իջնում է:

Հաջորդ կարևոր բարդությունը էնդոմետրիտն է՝ արգանդի մարմնի լորձաթաղանթի ֆունկցիոնալ և հիմնային շերտերի բորբոքումը: 
Սա շատ լուրջ բարդություն է, որն ունի իր պատճառները. դրանցից են՝ կնոջ՝ մինչ ծննդաբերությունն ունեցած վարակները, բարդ ծննդաբերական գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և այլն: Այս դեպքում կինն ունենում է տհաճ հոտով արտադրություն, ցավեր որովայնի ստորին հատվածում և բարձր ջերմություն: էնդոմետրիտը առաջանում է ավելի ուշ շրջանում, սակայն առաջին իսկ գանգատների դեպքում պետք է անհապաղ բժշկի դիմել:

Իսկ հետծննդաբերական շրջանում  կանանց մոտ սովորաբար ի՞նչ հարցեր կարող են առաջանալ:

Загрузка...

Դիմում են ամենատարբեր հարցերով, սակայն ամենից հաճախ տրվում են հետևյալ հարցերը.

«Ծննդաբերությունից հետո ե՞րբ կարելի է սպորտով զբաղվել»

Այս հարցը հաճախ տալիս են կանայք, որոնք ցանկանում են օր առաջ վերականգնել մարմնի նախկին կառուցվածքը, հատկապես ՝  ազատվելլ որովայնի կախ ընկած առաջնային պատից:
Հետծննդաբերական շրջանում հարկավոր է, որ  կնոջ օրգանիզմը գոնե 42 օր լիարժեք հանգիստ լինի, ուստի խորհուրդ ենք տալիս սպորտով զբաղվել ծննդաբերությունից 3 ամիս հետո:

«Ծննդաբերությունից հետո ե՞րբ կարւելի է սեռական կյանքով ապրել»

Հետծննդաբերկան շրջանում սեռական կյանքով ապրելը հակացուցված չէ, սակայն ծննդաբերությունից հետո առկա է արտադրություն և վերքային մակերեսներ, ինչը կարող է ինֆեկցիաների պատճառ դառնալ, ուստի մենք այս դեպքում նույնպես խորհուրդ ենք տալիս սեռական կյանքը վերսկսել 42 օր անց:

Եթե կինը ծննդաբերությունից հետո որևէ գանգատներ չունի, այնուամենայնիվ, կա՞ն արդյոք հետազոտություններ, որոնք կինը պետք է անցնի:

Իմ ցանկությունն ու առաջարկն է, որ կինը պարտադիր հետազոտություններ անցնի նախքան հղիանալը, որպեսզի հետագայում հնարավորինս խուսափենք հնարավոր բարդություններից:
Արգանդի պարանոցի քաղցկեղը, ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, և շատ երկրներում, երբ հղի կինը գնում է հետազոտության, նույնիսկ այդ ժամանակ արգանդից քսուկ է վերցվում: Ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի կանայք ծննդաբերությունից որոշ ժամանակ անց հանձնեն արգանդի պարանոցի Պապ-քսուկի քննություն և իրականացնեն փոքր կոնքի պարանոցի սոնոգրաֆիա, եթե դա մեկ տարվա ընթացքում արված չի եղել:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը

Загрузка...