Հայտնի է, թե ովքեր են Հայաստանում պարտադիր թեստավորվելու կորոնավիրուսի թեստով

Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը։ Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբին արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ որ նոր բուժվածների թիվն էլ 24 է»,- կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսային հիվանդացության վիճակագրությունը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ առաջիկայում սպասում են նաև բուժվածների թվի որոշակի աճ։ Նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների թիվը կաճի։

«Մենք վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պետք է գործեն։ Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է՝ ինչպես հայտնել ենք, վաղվանից պետք է ստեղծենք արդեն օրը 1000 թեստի հնարավորություն։ Եվ այսօր նաև առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել, նախարարը պարզաբանել է, թե այս համատեքստում ինչ պետք է անենք։

Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, որովհետև այնուամենայնիվ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի։ Այսինքն՝ ուղղակի մարդկանց առանց որևէ ցուցումի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ»,- ասաց նա։

Վաղվանից ցուցումով անձինք՝ մասնավորապես, բոլոր բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդներն ու վիրուսային հիվանդություն ունեցողները պարտադիր կթեսատավորվեն։ «Եվ արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին։ Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի վիճակագրության ճշգրտման արդյունքում 12 անճշտություն է հայտնաբերվել։ «Եվս մեկ անգամ կստուգվի այդ ճշգրտումը։

Ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 921 դեպք՝ առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք»,- հավելեց նա։

Рубрикиkoks