«Մենք ուղղակի ծնկի ենք եկել». Արտասվող բուժքույրը պատմում է, թե գործընկերների հետ ինչպես են պայքարում COVID-19-ի դեմ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունից բուժքույր Շիրլի Ուոթսը տեսանյութ է նկարահանել, որում պատմել է այն մասին, թե իրենք ինչպես են գործընկերների հետ պայքարում COVID-19-ի դեմ եւ փորձում հաղթահարել կորոնավիրուսով պացիենտների ահռելի հոսքը: Հայրենակիցներին դիմելով՝ բուժքույրը նրանց խնդրել է պահպանել ինքնամեկուսացումը:

Բուժքրոջ խոսքով՝ COVID-19 համավարակի պատճառով առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը բազմակի մեծացել է, իսկ հիվանդանոցում անձնակազմն ուղղակի չի բավականացնում: Նա արցունքն աչքերին պատմել է, որ բժիշկներն ու բուժքույրերը վտանգի ենթարկվելով՝ իրենց ուժերը տալիս են ինֆեկցիայի դեմ պայքարին: Շատերն իրենց ազգականներից հեռու են մնում, որ նրանց չվարակեն:

«Մենք ամեն ինչ, ինչ կարող ենք, անում ենք մարդկանց եւ նրանց մերձավորներին փրկելու համար: Մենք բոլորս ուղղակի ծնկի ենք եկել: Մենք խրվել ենք դրա մեջ, բայց մինչեւ վերջին ուժը ջանում ենք»,- ասել է նա:

Շիրլի Ուոթսը բոլորին կոչ է արել մնալ տանը եւ խստորեն հետեւել իշխանությունների ընդունած բոլոր միջոցառումներին: Մարդկանց, որոնք առանց պատճառի փողոց են դուրս գալիս կամ ընկերախմբով են հավաքվում, անհրաժեշտ է դիտողություն անել եւ բացատրել իրավիճակի ամբողջ վտանգավորությունը, որում հայտնվում են նրանք իրենք, եւ որին ենթարկում են մյուսներին, կարծում է Ուոթսը:

«Հիմա մեզ թվում է, թե այս մարտը մենք իբր տանուլ ենք տալիս: «…»Եթե որեւէ մեկն ասում է, որ այս ամենն այնքան էլ լուրջ չէ եւ կարելի դուրս գալ զբոսնելու, դա այդպես չէ: Նրանց ասեք, որ պետք է տանը մնան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայից լորդ Արա Դարզին վերջերս ասել էր, որ հնարավոր առավելագույն քանակությամբ հիվանդանոցային մահճակալներ են ազատել կորոնավիրուսով պացիենտների համար, բոլոր ոչ շտապ վիրահատությունները եւ այլ միջամտությունները հետաձգել են կամ թողել հետոյին: Չեղարկվել կամ տեղափոխվել են նույնիսկ ուռուցքաբանական վիրահատությունները:

Рубрикиkoks