Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում՝ երեխա ունեցող աշխատողների և նրանց վարձատրության վերաբերյալ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկված փոփոխություններին:

Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքով:

Նախագծով սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանք հասկացությունը, ինչպես նաև առաջարկվում է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձը վճարել ամբողջությամբ:

Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել այն դեպքերը, որոնց պարագայում, անհաղթահարելի ուժով պայմանավորված, գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար: Մասնավորապես, որպես այդպիսին առաջարկվում է համարել այն դեպքը, երբ Պարետի կողմից ժամանակավոր սահմանափակվում է որոշակի ոլորտների գործունեությունը:

Նախագծով նախատեսել, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի համար վճարը, կարող է լինել ավելին, քան գործող կարգավորմամբ սահմանված մինչև պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդն է: Այս կարգավորման մասով նախատեսվում է նաև տալ հետադարձ ուժ:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկության դեպքում վճարել:

Գործատուի համար նախատեսվում է պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները:

Կսահմանվի նաև աշխատանքային պայմանագրի լուծման արգելք՝ այն դեպքերում, երբ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով՝ պայմանավորված համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներով, ինչպես նաև երբ չպլանավորված տեղափոխվել են ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդները, իսկ աշխատողն ունի մինչև 12 տարեկան երեխա, իսկ այդ պատճառներով աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը չեն համարվի աշխատանքային կարգապահության խախտում:

Առաջարկվող նախագծով կարգավորվում է նաև համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման ժամանակահատվածում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում վարձատրությունը, մասնավորապես սահմանելով, որ այդ դեպքում աշխատողը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատանքին համապատասխան:

Սահմանվում է, որ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման դեպքում՝ աշխատողի մինչև 2 ժամ բացակայութան դեպքում վարձատրությունը պահպանվում է, իսկ իսկ 2 ժամը գերազանցելու կամ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած աշխատանքին համապատասխան:

Բացի այդ՝ հավելյալ լիազորություններ են սահմանվում նաև տեսչական մարմնին. Այսպես՝ համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման ժամանակահատվածում տեսչական մարմինը կարող է իրականացնել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծն ուղարկվել է ԱԺ՝ Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում համապատասխան փոփոխությունները արտահերթ կարգով քննարկելու համար:

Իրավաբան.net
Рубрикиkoks