Լավ, որքա՞ն նողկալի կարելի է լինել․․․ մի՞թե դուք սրբություն չունեք

Այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը․ Հայաստանն ու աշխարհը 105-րդ անգամ հիշեցին ցեղասպանված մեր ժողովրդի անցած դաժան ուղին ու խոստացան այլևս երբեք թույլ չտալ հերթական ցեղասպանություն:

105-րդ տարելիցը մեզ համար նշվեց արտակարգ դրության պայմաններում․ փակ էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող բոլոր մուտքերը, բացառված մարդկային կուտակումները, ինչը մասսամբ հասկանալի և ընդունելի է համավարակի այս օրերին, թեև եղան մի շարք իրարարամերժ հարցեր։

Օրինակ պարզ չէր, թե ինչու պետք է Հայաստանի մարզպետները հասնեն Ծիծեռնակաբերդ, բայց դա չանեն Ազգային ժողովի պատգամավորները, կամ ինչու է արարողակարգը նախագահի և վարչապետի հերթականությունը խախտել․․․

Ինչևէ, այս հարցերի պատասխանները գուցև դեռ կստանանք, բայց հիմա ուշադրությունը ուզում եմ հրավիրել մեկ այլ խնդրի վրա։

Առաջինը Ծիծեռնակաբերդ բարձրացավ Նիկոլ Փաշինանը՝ տիկնոջ հետ, հարգանգի տուրք մատուցեց ու հեռացավ, թվում էր որ այսքանով վարչապետը կավարտի, բայց ոչ․․․ դեռ բավական չէր, որ նա երկրի նախագահից առաջ էր ընկնել, պետք է խաղար նաև հասարակության զգացմունքների վրա․․․

Շատ կասկածելի զուգադիպությամբ՝ դրա առիթը գտնվեց․․․

82-ամյա մի ծերունի նախապես չէր իմացել, որ Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները փակ են ու եկել էր հարգանքի տուրք մատուցելու: Սակայն երեկ ամբողջ օրվա ընթացքում այդ ծերունին իր նպատակին հասնել չկարողացավ և միայն գիշերը ժամը 2-ին ոստիկանության ծառայողական մեքենայով գնում են պապիկին իր տանից հանում և պատվով բերում Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ էլ նա իր ծաղիկներն է խոնարհում անմար կրակի մոտ:

Ուշագրավ այստեղ այն է, որ գիշերվա ժամը 2-ին տեղի ունեցածը նկարհանվել է ու դրա տարածմանն են լծվել կառավարաթյանը սպասարկող ֆեյքերի բանակը, Կառավարության հայտնի ՊՈԱԿ-ը իր տնօրենով, «Իմ քայլի» պատգամավորներն ու տիկին Աննան: Գործի են «դրվել» նաև իշխանության սպասարկու լրատվամիջոցները:

Երեկվանից ծերունուն դարձրել են համացանցի «աստղ», խաղում են նրա անկեղծ զգացմունքների ու հույզերի հետ ու դրա հաշվին ինքնահաստատվում:

Սա կարելի է որակել միայն մի բառով՝ ստորություն․․․

Հետաքրքիր է՝ տիկին Աննան ու մյուսները տեղյա՞կ են, որ իրենց սիրելի պապին ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, այսօր չունի ոչ լույս ոչ գազ, քնում է կիսասոված:

Հետաքրքիր է՝ հարկատուներիս հաշվին անաշխատունակության համար միլիոնների պարգևավճարներ ստացողներից քանի՞սն է 100 դրամով օգնել այս մարդուն, որ հիմա նրա հաշվին իր իշխանության գովքն է անում:

Հասկացանք, տեսել եք նրան Փաշինյանի նկարը վզին կախած, որոշել եք օգտագործել, բայց այսքան էժա՞ն, ինչը չէիք անի այն մեկի հետ, որը դժգոհ է Փաշինյանի իշխանությունից ու նկարն էլ վզից կախած չի շրջում քաղաքում:

Լա՛վ, որքա՞ն նողկալի կարելի է լինել․․․ լա՛վ, մի՞թե դուք սրբություն չունեք․․․ իսկ եթե այլք ձեր ծեր հարազատների հաշվին այդպես ինքնահաստատվեին, այդ հարազատների հաշվին հայտնվեին լրատվամիջոցների գլխագրերում, դուք ձեզ ինչպե՞ս կզգայիք. թեև խիստ կասկածում եմ, որ որևէ բան կզգայիք՝ դուք պատրաստ եք տաք ամեն ինչ՝ հանուն այն ամենի, ինչը երկնքից ընկել է ուղիղ ձեր ձեռքերի մեջ:

Այս տեսարանները նողկանք, ուրիշ որևէ այլ զգացողություն չեն առաջացնում:
Ծերունին կանցնի կգնա՝ իր հետ տանելով նաև վզին կախած Փաշինյանի նկարը, բայց դուք պատմության մեջ կմնաք որպես ամենաէժան ու սրբություն չունեցող իշխանությունը, որը երբևէ Հայաստանն ունեցել է:

Այստեղ մի հանգամանք էլ կա, որ տհաճ է և զզվելի․ ՀՀ ոստիկանները դարձել են գնալով արժեզրկվում ու դառնում են «սերիալներում նկարահանվող դերասաններ»․․․ դա ձեզ պատիվ չի բերում․ հանուն Նիկոլի՝ չարժե ծաղրածու դառնալ․․․

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Рубрикиkoks