Պարետի որոշումը բոլոր գործատուների և աշխատողների համար. Կարևոր է իմանալ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ապրիլի 22-ի N 51 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 31-ի N 27 որոշման մեջ։
Համաձայն այս որոշման․
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԵՆ․
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են հետևյալ հիմնական կանոններով՝

1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:

3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:

4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:

5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

7. Ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

8. Ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):

Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:

Рубрикиkoks