Պոպուլիզմի գնի և ճգնաժամը նվազագույն կորուստներով հաղթահարելու ճանապարհի մասին

Պոպուլիզմն ազգություն չի ճանաչում։ Բոլոր տեղերում էլ պոպուլիստները ձեռքերը վեր են բարձրացրել կորոնավիրուսի առաջ։

Հակաէլիտիստական լոզունգներով իշխանության եկած պոպուլիստները ցույց են տալիս իրենց անարդյունավետությունը համաճարակի դեմ պայքարի գործում։ Դա ապացուցված է թվերով։

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/–ի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջին տասնյակում ճնշող մեծամասնություն են կազմում այն երկրները, որտեղ իշխում են պոպուլիստական կարգախոսներով իշխանության հասած և պոպուլիստական ոճով կառավարող առաջնորդները։

Ժողովրդի անունից խոսող և իրենք իրենց ժողովրդի հետ նույնացնող պետության ղեկավարները նույն այդ ժողովրդին շատ ծանր փորձության են ենթարկել կորոնավիրուսային պատերազմի ժամանակ։

Հիվանդների ու մահերի դեպքերով բացարձակ և հարաբերական թվերով առաջատարների մեջ են ԱՄՆ–ը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Թուրքիան։

Հակաէլիտիստ Թրամփը, գրեթե տրոցկիստական հայացքներով աչքի ընկնող Իսպանիայի կառավարությունը, Իտալիայի պոպուլիստ վարչապետը, Մակրոնը, բրեքսիթի ջատագով Ջոնսոնը և ժողովրդի անունից ավտորիտար իշխանություն հաստատած Էրդողանը ամենավատ ցուցանիշներն ունեն։

Հայաստանի պոպուլիստ իշխանությունը նույնպես ապաշնորհ ու անարդյունավետ է գործում համաճարակի դեմ պայքարում։

ԵԱՏՄ տարածքում մենք առաջատարն ենք 1 միլիոն բնակչին ընկնող մահացածների թվով։ Այս պահի դրությամբ այն 9 է։ Իսկ 1 միլիոնի հաշվարկով վարակվածների թվով մենք հետ ենք միայն Բելառուսից, քանզի Լուկաշենկոն որդեգրել է «կորոնավիրուսը սովորական գրիպի պես բան է» քաղաքականությունը։ Մեր տնաբույծ պոպուլիստի մարտի սկզբների պահվածքի պես։

Հայաստանն իր թվերով ոչ շահեկանորեն է աչքի ընկնում հարևան Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ։ Ե՛վ վարակվածների բացարձակ թվով, և՛ 1 միլիոնի հաշվարկով վարակվածների թվով, և՛ մահացածների ընդհանուր թվով, և՛ 1 միլիոնի հաշվարկով մահերի քանակով Հայաստանը վատ իմաստով գերազանցում է Վրաստանին ու Ադրբեջանին։ Դա այն դեպքում, երբ մենք ավելի քիչ բնակչություն ունենք, զբոսաշրջիկների քանակով զիջում ենք երկուսին էլ, սահմանների առումով ավելի փակ ենք։

Պատճառն այն է, որ ժողովրդի անունից հանդես եկող պոպուլիստական մեր իշխանությունն անկարող է արդյունավետ կառավարել ճգնաժամի պայմաններում։

Փաշինյանական իշխանությունն անարդյունավետ էր մինչև համավարակային ճգնաժամը։ Առավելևս անարդյունավետ է այն գործում կորոնավիրուսի տարածման պայմաններում։ Ավելին՝ պոպուլիստական այս իշխանությունը պատճառ դարձավ համաճարակի տարածմանը՝ որդեգրելով «Կորոնավիրուսն ում շունն է» տխրահռչակ կարգախոսը և հավաքելով զանգվածներ «այո»–ի քարոզչության նպատակով։

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ իշխանությունը փոխարենը մոբիլիզացնի հանրային ռեսուրսները, վերացնի բաժանարար գծերն ու բոլոր ջանքերն ուղղի ճգնաժամի հաղթահարմանը, անում է ճիշտ հակառակը։ Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովուրդը շատ ծանր գին է վճարելու պոպուլիզմի դիմաց։

Ստեղծված իրավիճակում լուծումը հակաճգնաժամային կառավարմանն անցնելն է՝ Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորման և հակաճգնաժամային համապարփակ ծրագրի կյանքի կոչման միջոցով։ Այլ ելք չկա։

Պոպուլիզմի գնի և ճգնաժամը նվազագույն կորուստներով հաղթահարելու ճանապարհի մասին—————Կորոնավիրուսային համաճարակը…

Опубликовано Andranik Tevanyan Воскресенье, 26 апреля 2020 г.

Рубрикиkoks