Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։
Ժամկետային զինծառայող գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի զինվորները։
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը:
Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, հերոսները միասին պայքարել են մինչև վերջ և հրամանատարի հետ միասին էլ անմահացել են։
Ադրբեջանի հատուկ ջոկատայինները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
«Ուրախ եմ, որ երեխաս հերոս ճանաչվեց: 18 տարի պահել եմ, մտքովս չէր անցում, որ նման բան պիտի լինի: Ինքը խիստ էր: Ծառայելուց մեկ տարի հետո իմացա, որ լավ է ծառայում, շատ էին գովում: Գովասանագիր էին ուղարկում, լավ ծառայելու համար երեք անգամ արձակուրդ տվեցին: … Մնացել էր երկու ամիս, որ գար»,-որդու պարգևը ստանալուց հետո ասել էր Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
Որդու զոհվելուց հետո Քյալաշ Սլոյանն այցելել էր որդու զորամաս, նաև այն վայրը, որտեղ զոհվել էր, տուն բերել նրա իրերը:
Քյարամի հայրը մասնակցել էր Արցախյան պատերազմին և որդին այդչափ հայրենասիրությունը հենց հորից էր ժառանգել: Քյարամի հայրը որդու մահից հետո ընդամենը մեկը տարի է ապրել, մահացել է 2017 թ. մայիսին 52 տարեկանում։
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Երազում էր բանակից վերադառանալուց հետո հայրական տունը վերանորոգեր, ծնողներին ու եղբայրներին թև ու թիկունք լիներ: Այսօր Քյարամի երազանքն իրականություն է դարձել, տարբեր կազմակերպությունների, անհատների աջակցության շնորհիվ տունը վերանորոգվել է, իսկ տան մի հատվածում էլ Քյարամի անկյունն է, որտեղ նրա անձնական իրերն են, շքանշանները, տպագրված նյութեր ու այն ամենը, ինչը կապված է Քյարամ Սլոյանի հերոսական ճանապարհի հետ:
«Ապրիլյանի ժամանակ զոհվել է իմ վաշտի հրամանատարը՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Չեմ կարող նկարագրել, թե ինչեր եմ տեսնել այնտեղ, բայց իրենց ծնողներին ես կասեմ՝ շնորհակալություն, որ այդպիսի տղաներ եք դաստիարկել: Մենք էլ շարունակում ենք իրենց գործը մինչև հիմա»,- ասել է ապրիլյան պատերազմի մասնակից, թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը, ով Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։