Ես ասացի՝ բարեւ, Արթուր, որին ի պատասխան լսեցի հայհոյանք, գլխով հարվածեցի իր քթին. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է իր և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես եւ իմ ընկերը աշխատանքից  քայլում էինք դեպի տուն եւ տան մոտ՝ այգում տեսանք երեք երիտասարդի, որոնցից մեկը որոշ շրջանակներում հայտնի մի անձնավորություն է, ես նրան ճանաչում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Խոսքը Արթուր Դանիելյանի մասին է։ Եկանք ընդառաջ եւ երբ նա շատ երկար նայեց ինձ վրա, ես ասացի՝ բարեւ, Արթուր, որին ի պատասխան լսեցի՝ բարեւ բ*** տղա։ Ես մոտեցա եւ ասեցի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին։

Կարծում եմ՝ որեւիցե մեկը չի կարող ասել, որ երեւի ճիշտ էր այլ կերպ վարվել։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ փողոցում քայլող, իրեն բարեւ տվող մարդուն, ընդ որում բարեւը իր մեջ չի պարունակել հեգնանք…

Նրանք երեքով (լավ չեմ հիշում, բայց այդ մասը լավ եմ հիշում) փորձեցին ինձ քաշքշելով եւ հարվածելով կանգնեցնել։ Ես հիմնականում ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ ինձ ով է փորձում հարվածել, փոքր ծեծկռտուք տեղի ունեցավ այդ վայրում, որից հետո փողոցով անցնող մարդիկ սկսեցին բղավել, եւ այդ երիտասարդները շտապեցին հեռանալ այդ վայրից…

Այս ամենը ունի նախապատմություն։ Բնակվում եմ այդ վայրից ոչ հեռու։ 2016 թվականին նույն երիտասարդը, որը փորձում էր անդամագրվել ՔՊ–ին, ես այն ժամանակ աշխատում էի «Արարատնյուզ» լրատվականում, մի նյութի հետ կապված բավականին կոպիտ ձեւով պահանջեց, որպիսի ես հեռացնեմ նյութը։ Ես իրեն ասացի, որ դա իր գործը չէ, որովհետեւ նախեւառաջ նա որեւիցե կապ չի կարող ունենալ այդ կայքի հետ, թեեւ նա այդ ժամանակ հանդիսանում էր կայքի սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի փեսան։

Իրեն ասացի, որ նույնիսկ ինձ հետ աշխատող Սուքիասյանները նման կերպով ինձ պահանջներ չեն ներկայացնում եւ ինձ հետ այդ կերպ չեն խոսում։ Դրան հետեւեց այն, որ նա պահանջեց, որ ես իջնեմ ներքեւ՝ տան բակ։ Նա եկել էր իմ վրա հարձակվելու, ինձ ծեծելու։ Փորձը չստացվեց, որովհետեւ նախեւառաջ գալիս էր ընդառաջ եւ ես տեսնում էի, որ նա եկել է ինձ հարվածի, ինչը ինձ համար զարմանալի էր, քանի որ ես այդ ժամանակ հանդիսանում էի ՔՊԿ խոսնակը, իսկ նա մարդ էր, ով դիմում էր ՔՊ-ին, ուզում էր անդամագրվել, նաեւ իմ աշխատատուի փեսան էր։ Ասացի՝ եկել ես՝ ինձ ծեծե՞ս, որին հետեւեց հայհոյանքներ եւ հարձակում ինձ վրա։ Հարվածները չստացվեցին, ես փորձում էի նրան սթափենցել, երբ զգաց, որ որեւիցե բան չի ստացվում, նստեց մեքենան, հեռացավ։ Դրանից հետո ինձնից հրապարակային ներողություն խնդրեց։

Այսօրվա միջադեպը ինձ հիշեցրեց այն, ինչ տեղի էր ունեցել նույն վայրում մի քանի տարի առաջ։ Տեսնել, որ նա փորձում է այն երիտասարդների մոտ ինքնահաստատվել եւ ուղղակի անցորդ մի տղայի բարեւին ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել, երկրորդ անգամ չարձագանքել ուղղակի ես ինձ չէի կարող թույլ տալ, որովհետեւ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է բարեւ տվող մարդուն սեռական բնույթի հայհոյանք հասցնել։

Իր կողմից նաեւ բազմիցս սպառնալիքներ են  հնչեցվել ֆեյսբուքյան իր էջում, եթերներում, իր չակերտավոր գործընկերների եթերներում։ Հունվարի 30-31-ին ինձ նույնպես սպառնալիք է հնչեցվել, մոտավորապես՝ նենց մի արա, որ Արթուր Իսպիրյանի իրավիճակը, Ալենչո, քո համար ավելի վատ լինի…

Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե հանրությունը, եթե ոստիկանությունը, եթե դատավորը կգտնի, որ այն քայլերը, որոնք ես գնահատում եմ ինքնապաշտպանություն, սխալ են եղել»,– ասաց նա։

Рубрикиkoks