Դուք 73 տոկոս ձայն եք տվել բերել, հիմա ձեր գազն ու լույսը էդ մարդիկ եկել անջատում են․ Մարուքյանը՝ այսօրվա ԱԺ միջադեպի մասին/տեսանյութ/

Այս ամեն ինչը արվում է այն նպատակով, որ մենք շեղվենք․թողնենք մեր գործը և զբաղվենք հայհոյանքներին պատասխանելով, անձնական վիրավորանքներին հակադարձելով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպես մեկնաբանեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը։

«Բովանդակային քննարկում ենք անում՝ մտնում են անձնական տիրույթ։ Է հա, դե հերիք է էլի, մի օր էլ մենք պետք է պատասխանենք։ Էս մարդիկ ամեն ինչ անում են, որ ցիվիլ քննարկում չստացվի։ Դուք 73 տոկոս ձայն եք տվել բերել, հիմա ձեր գազն ու լույսը էդ մարդիկ եկել անջատում են։ Ձեր մասին առաջարկ ենք անում՝ մեզ հայհոյում են, ի՞նչ անենք, ասեք, սաղ ֆեյսբուքով քննադատում եք՝ ասում «Էդմոնը Շմայսից բեթար ա»»,- ասաց Մարուքյանը։

Այնուհետև Մարուքյանը հայտնեց, որ ոչ մի դեպքում չի շեղվելու։ Ըստ նրա՝ ժողովուրդի ունեցած պահուստային ֆոնդի փողից 100 միլիարդը պետք է ծախսել՝ 100 հազար-ական դրամ 500 հազար ընտանիքի բաժանելով, 470 հազար թոշակառուների էլ՝ հավելյալ թոշակի ձևով։

Ըստ Մարուքյանի՝ իշխող ուժը այս թեմայից ուշադրություն շեղելու նպատակով է դիմել նման սանդրանքի։

«Ի դեպ, այսօր խորհրդարանը քննարկել է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, որով բանավոր ցուցումի հիման վրա կարելի է մարդ մեկուսացնել։ Բողոքարկման որևէ ընթացակարգ չկա։ Գիտեի՞ք»,- ասաց Մարուքյանը։

Նա նաև հայտնեց, որ իրենք խոսել են այդ մասին բովանդակային։ Սակայն Մարուքյանը վստահ չէ, որ քաղաքացիները տեղյակ են, դիտում են։ Ըստ պատգամավորի՝ իշխանությունը մեղադրում է նախկին իշխանությանը, մինչդեռ ինքն է «բանավոր ցուցումի հիման վրա մարդ բռնել տալիս»։

Մարուքյանը խոստացավ ոչ մի պարագայում չլռել և պայքարել ժողովրդի շահերի համար։

Պատգամավորի խոսքով՝ ամբողջ աշխարհում ամենարդյունավետ միջոցն է քաղաքացուն ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելը։ Մինչդեռ մեր կառավարության ընդունած 14 շրագրերից դուրս են մնացել հազարավոր մարդիկ։

«Այսօր էլ վարչապետն ընդունեց, որ սխալ թիրախավորում են արել», — ասաց Մարուքյանը՝ առաջարկելով հանել նրանց, ում կառավարությունը չի նախատեսում գումար տալ, իսկ մյուսներին բաժանել, որ գնան կոմունալները վճարեն։

«Եթե մենք մեր շահերը չենք կարողանում պաշտպանել, ժողովրդի շահերը ինչպե՞ս պիտի պաշտպանենք։ Հետևաբար իմացեք, մենք մեր շահերն էլ ենք պաշտպանելու, ժողովրդինն էլ հետը։ Հետևաբար չենք զիջելու ոչ մի գրամ, ոչ մի միլիմետր»,- եզրափակեց Մարուքյանը։

Рубрикиkoks