Որոշ թափթփուկներ նույնիսկ այս օրով որոշել էին կեղտ թափել կատարված աշխատանքի վրա… Որքան մեղք եք դուք, այ ողորմելիներ, մի՞թե դուք իրավունք ունեք հայ կոչվելու… Ամոթ, հազար ամոթ…

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրն ավարտվեց: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին օրվա վերջում փորձել եմ հասկանալ, արդյոք կարողացանք ըստ արժանվույն ներկայանալ աշխարհին, կարողացանք ևս մեկ անգամ աշխարհով մեկ բարձրացնենք մեր պահանջի ձայնը:

Եվ հասկանում էի, որ ինձ նյարդայնացնում էր, երբ տեսնում էի Ծիծեռնակաբերդ բարձրացող արևածաղիկ չրթող, ծամոն ծամող ու անկապ խոսակցություններ տանող, բերանները մինչև ականջները բացած մեր հայրենակիցներին:

Ապրիլի 24-ը շատերի համար չեր տարբերվում մայիսի 1-ից: Այդ օրը բարձր ցուցանիշների էր հասնում ծաղկային բիզնեսը:

Մնում էր փուչիկներ բռնեն: Իսկ ահա, այսպես կոչված «պրոտոկոլային» ծրագիրը կազմում էին ինչ-որ մեծամիտ դեմքեր քաղաքապետարանից, որոնք իրենց մեծ ռեժիսորի տեղ էին դրել, ամեն տարի արտագրելով նախորդ տարվա սցենարը, փոխելով միայն տարեթիվը: Այսինքն սցենար էլ չկար:

Նույն տեքստերը, որոնք հնչում էին կադրից դուրս Հանրայինի եթերում, նույն երաժիշտները, հիմնականում ծանոթի միջոցով ընտրված, նույն կատարումները, բացառությամբ ասենք պետական ակադեմիական երգչախմբի ու ֆիլհարմոնիկի:

Իսկ առավոտյան ամբողջ Ծիծեռնակաբերդը ողողվում էր սափրած գլուխներով թիկնապահներով և հատուկ ծառայություններով: Ծիծեռնակաբերդի բլուրը գրոհում էին երկրի ջոչերը:

Երբեք չեմ մոռանա, մի տարի այլ մոտեցում էր օրվա խորհրդին: Երաժշտական կոլեկտիվներն ու մենակատարները ընտրվում էին ամենախիստ պայմաններում պրոֆեսիոնալների կողմից և առաջին անգամ Ծիծեռնակաբերդում հնչում էր պոեզիա:

Հպարտ եմ, որ այդ տարվա ծրագրի ղեկավար, այն ժամանակ Երևանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արմեն Մանուկյանը հրավիրեց ինձ, որպես ծրագրի վարող և ասմունքող: Ղեկին կանգնած էին պրոֆեսիոնալներ ու յուրաքանչյուրն իր գործն էր անում:

Ցшվոք դա չունեցավ շարունակություն:

Հիմա այս տարվա մասին:

Կարանտինային իրավիճակը, պարզվեց, որ ունի նաև իր դրական կողմերը: Նախ համացանցը մեր արվեստագետները ողողել էին անչափ հետաքրքիր և տաղանդավոր կատարումներով օրվա խորհրդին համահունչ:

Իսկ ինչ վերաբերվում է հենց արարողությանը, ապա այն, ինչ արվեց Ծիծեռնակաբերդում այս երկու օրվա ընթացքում և դեռ շարունակվում է՝ պարզապես գլուխգործոց էր:

Մենք վերջապես պարզ ճակատով կարող ենք պահանջել աշխարհից ճանաչում, ապացուցելով բոլորին, որ այո, մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա XX դարի առաջին կաըարվածը:

Կարդում էի հարցազրույցը C-squared-ի այն տղաների հետ, ովքեր հեղինակն էին այս երկու օրվա լուսային ձևավորման, նայում էի նրանց լուսանկարին և տեսնում, թե ինչքան հավատ ու ոգևորվածություն կա նրանց աչքերում: Ինչպես կարելի էր 2015-ին չընդունել նման առաջարկ:

Դե իհարկե, բա ո՞վ զբաղվեր անմոռուկների տեսքով հուշանվերների, կրակայրիչների, պատյանների, կանացի զարդերի և այլ անհեթեթ բաների բիզնեսով:

Ո՞վ բեմադրեր, թե ինչպես է երկրի «էլիտան» էլի այս և այն կողմից տանելով, խոնարհված դիմավորում ռսի ցարին: Փայլուն բեմադրած ներկայացում:

Բայց չշեղվեմ այսօրվա անմոռանալի խորհրդից: Ինչ հրաշալի գաղափար էր մեր հայրենակիցների անուններով սյուների լուսավորումը, երաժշտական բարձրաճաշակ երաժշտությունն ու տաղանդավոր կատարողները, մութ փողոցներում պատուհանների մոմավառությունն ու եկեղեցիների կախարդական ղողանջները:

Ասես մեր սրտի լույսի մի ճրագ յուրաքանչյուրս ուղարկեցինք տիեզերք, լուսավորելով մեր անմեղ զո hերի հոգիները: Այո, մենք մեր բողոքը աշխարհին այս տարի վերջապես ներկայացրեցինք մեր բարձր մշակույթի միջոցով, ապացուցելով, որ մենք հազարամյակների մշակույթ ունեցող ազգ ենք:

Մեծ հպարտությամբ հետևեցի նախագահ Արմեն Սարգսյանի, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի, մարզպետների և մյուսների խոնարհմանը զոհերի հիշատակի առջև:

Որքան անկեղծ էր այդ ամենը, առանց ցուցամոլության: Եվ տարօրինակն այն է, որ որոշ թափթփուկներ նույնիսկ այս օրով որոշել էին օգտագործել քաղաքական ամբիցիաներ ու ուղիղ եթերում կեղտ թափել կատարված աշխատանքի վրա: Որքան մեղք եք դուք, այ ողորմելիներ, մի՞թե դուք իրավունք ունեք հայ կոչվելու: Ամոթ, հազար ամոթ…

Չգիտեմ մասնավորապես ովքե՞ր են գաղափարի հեղինակներն ու իրականացնողները, սակայն ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և իմ պատրաստակամությունը հայտնել այսուհետ միշտ մասնակիցը դառնալու նման բարձրաճաշակ միջոցառումների:

Հ.Գ. Աշխարհը շարունակում է շնչել Ծիծեռնակաբերդով, շնչել բարձրաճաշակ մշակույթով, շնչել ՀԱՅՈՎ: Բավ է ողբանք, մենք պիտի ՀԻՇԵՆՔ ու ԱՊՐԵՆՔ հանուն մեր ապագայի: Բարի և խաղաղ գիշեր բոլորին»։

Рубрикиkoks