ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է․․․

Հեռացող իշխանությունն էլ հոտ ունի։ Կարողեն հասկանալ նրանք, ովքեր տարիքի բերումով ճանապարհել են շատ իշխանությունների։ Դա դժգոհության, անհանդուրժողականության, ատելության, անտարբերության, անհավատության, անվստահության համադրությունների ամբողջության դառնահոտն է։

Իշխանությունը հեռանում է․ անգամ գարունն իր ողջ հմայքով ու բույրով չի կարող մեղմել հեռացման հոտը։ Բայց կա հեռացման երկու ճանապարհ․ երբ իշխանությունը արժանապատիվ հրաժարական է տալիս կամ երբ գործադրվում են բոլոր անընդունելի ձևերը՝ մնալու համար։ Ինչքան հասկանում եմ,  ընտրվել է երկրորդ ճանապարհը։ Օգտագործվում են մանիպուլյատիվ բոլոր հնարքները՝ համոզելու, որ ղեկավարը ժողովուրդն է։ Համոզելու, որ իրենց ժողովուրդն է բերել իշխանության ու ժողովուրդը միայն կարող է հեռացնել։ Այդ շոուն կազմակերպելու համար ֆինանսական ահռելի ռեսուրսներ են օգտագործվում ու դժվար թե դրանից դուրս որևէ իրական քայլ կարողանան անել։

Իրական կյանքը բոլորովին այլ է։ Նոր իշխանությունն իր «թերահաս տնկիներով», որ դրել է հողի մեջ, շատ շուտով ականատես կլինի, թե ինչպես են  թվացյալ կանգուն տնկիները «պառկում գետնին» ու էլ չեն բարձրանում։ Այո, նման տնկիներին պետք է ոգևորել, լավ սնուցել, մեկուկես միլոն աշխատավարձ ու դրա երկու չափ էլ պարգևավճար տալ, որ արագի մեջ չհյուծվեն, կարողանան ցույց տալ, որ դեռ կանգուն են․․․ Բայց փաստ է այն, որ բնության մի փոքրիկ անկանոն շարժումին նրանք չեն կարող դիմանալ։

Ու շատ շուտով երիտասարդ ու անփորձ այգեպանը կարթնանա ու տեսնի, որ «իր այգին չկա»։ Դրա համար է՛լ ոչ մեկին չի կարող մեղադրել՝ «Իր տնկած այգին», որը նման էր այգու, բայց այգի չդառավ։ Իր ստեղծած իշխանությունը, որը նման է իշխանության, բայց իշխանություն չէր։

https://hraparak.am

Рубрикиkoks