Այ ձեր ցավը տանեմ, նոր իշխանության հարգելի ղեկավարներ, ձեր այս ԹԱՎԻՇԸ մի քիչ երկար չպահեցի՞ք. Նրանց գրողի ծոցն ուղարկեք արդարացի կոպտությամբ, բայց ոչ՝ Թավիշ-ով

ԹԱՎԻՇԸ ԵՎ… ՍԱՏԱՆԱՆԵՐԸ
Ժողովրդից մերժվածները սկզբից սարսափահար եղան, քանզի ժողովրդի արդար ցասումը պիտի որ գործած մեղքերի համար նրանց առջև պատասխան տալու պահանջ դներ.
-Ինչի՞ վրա ծախսվեցին անսահման վարկերի գումարները, որոնցով երկրի արտաքին պարտքը հասավ 6 միլիարդ դոլարի:


-Ի՞նչ ծածուկ որոշումներով վաճառվեցին երկրի հարստությունները, որոնցից մի քանիսը «գույք պարտքի դիմաց» ձևակերպումը ստացան:
-Գազի հետ կապված այդ ի՞նչ պայմանագիր կնքեցիք մոտ 50 տարվա ժամկետով, որ 1-ն՝ Հայաստանն իրավունք չունի միակողմանի լուծարելու այն, որ 2-րդ՝ Հայաստանն իրավունք չունի Իրանի գազն այն ծավալով բերելու, որ տարանցիկ երկիր դառնա:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիս Սողոմոնյանը:

-Ինչո՞ւ Լինսի հիմնադրամի գումարներն օգտագործվեցին Երևանի մայթերի բորդյուրները փոխելու համար, երբ աղետի գոտու բնակիչները տնքում էին տասնամյակներով շարունակ «ժամանակավոր» կոչվող տնակներում:
-Երկրի ընդերքի հարստությունները թալանելու պայմանագրերն ի՞նչ հիմունքներով կնքվեցին, որ հիմա նոր ղեկավարության համար անքանդելի կծիկ են դարձել:
-Ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու Երևանի կենտրոնում բնիկ երևանցիներին իրենց տներից անօրեն դուրս շպրտելու նենգ արաքի դիմաց, որի պատճառով այս նոր կառավարությունը հարյուր հազարավոր եվրոներ է վճարում՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի արդարացի վճիռներով փոխհատուցումներ տալով:
-Դատական այդ ի՞նչ «գորդյան հանգույց» համակարգ հիմնեցիք, որի ձեռքին դեռ շարունակում է տառապել արդարություն գտած, բայց հենց ա՛յդ դատական համակարգից արդարության ձգտող ժողովուրդը: Այդ չքանդվող հանգույցի պատճառով չէ՞, որ այսօր ում դեմ քրեական գործեր են հարուցվում, վերջիններս արդեն հասցրած են լինում փախչել երկրից:
-Ո՞վ և վերջապես ե՞րբ է պատասխան տալու մարտիմեկյան ոճրագործության և զոհերի համար:
Իմ այս տողերը կարդացող յուրաքանչյուր ազնիվ հայ այս շարքը ցավալիորեն կարող է շարունակել՝ այն անվերջանալի է: Փաստ է, որ Նոր Իշխանությունը ահավոր ծանր ժառանգություն է ստացել հանցագործ նախկիններից:

Հիմա՝ ԹԱՎԻՇ-ի հեղինակներին: Այ ձեր ցավը տանեմ, նոր իշխանության հարգելի ղեկավարներ ու համակիրներ, ձեր այս ԹԱՎԻՇԸ մի քիչ երկար չպահեցի՞ք, երկիրն ավերի հասցրած նախկիններին մի քիչ երկար չթողեցի՞ք, որ հասցնեն թաքցնել ժողովրդից ու երկրից իրենց թալանծը, հասցնեն հանցավոր հետքերը մաքրել: Ձեր այս ԹԱՎԻՇԻ պատճառով չէ՞ր, որ նախկինները և նաև նրանք, որ ձեզ հետ համախոհ լինելու իմիտացիա ստեղծեցին, անգամ ձեզանից գեներալական ուսադիրներ ստանալով ու շատ ուշացումով պայթեցին որպես վտանգավոր ականներ և այժմ էլ նախկինների ճամբարում նոր ու վտանգավոր դավեր են նյութում ձեր դեմ:

ԹԱՎԻՇԻ պատճառով չէ՞, որ միշիկի հյուսած մեդիա ցանցն օրն ի բուն ձեր դեմ վայրահաչում է, ծաղրանկարներով, հորինված տեղեկություններով գուժում է ձեր իշխանության մոտալուտ վախճանը: Իսկ միշիկը, արդեն Հայաստանը լքած, ձեր հասցեին սպառնալիքներ է տեղում համացանցում, անգամ այս ճգնաժամի օրերին ձեր անդադրում աշխատանքը, տքնանքն ու ջանքերը չտեսնելով՝ Վարչապետին մեղադրում է անգործության մեջ: Եվ դա այն միշիկը, որ վաղուց պետք է լիներ բանտախցում:
Ա՛յս էիք ուզում, ԹԱՎԻՇՈՎ ժողովրդավար կեցվածք ընդունած ներկա հարգելի իշխանավորներ: Դուք չգիտեի՞ք, չէի՞ք զգում, որ այդ սրբապիղծ թալանչիներին պետք էր ժամանակին կոշտ պատասխան տալ: Նրանք ձեր ԹԱՎՇՅԱ վերաբերմունքը չհասկացան: Բայ դե դեռ ուշ չի…
Այդ նենգ թշնամին, որ անգամ բացահայտ է գործում, հաբռգել կարող էր, քանզի երկու տարիների մեջ ձեզանից չստացավ քաղաքական այն գնահատականը, որ սովորաբար հեղափոխություն կատարած երկրներում անմիջապես է տրվում նախորդներին: Ներսի երիտթուրքերը օգտվեցին այդ գնահատանքի բացակայությունից, հիմա էլ ազգադավորեն օգտվում են կորոնավիրուս կոչված ախտի ներկայությունից, որը ձեր միջոցներն ու էներգիան խլում է և ժամանակ չի թողնում հիմնովին Ավգյան ախոռների մաքրմամբ զբաղվելու:
Հիմա, վերջապես, շա՜տ ուշացումով, Ազգային ժողովն ընդունեց Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը: Փառք Տիրոջը, որ Ազգային ժողովի երևելիները թափ տվեցին իրենց: Այս օրենքը, ինչ խոսք, տագնապեցրեց նախկին թալանչիներին, գող ու ավազակներին: Հիմա շատ կարևոր է, որ մինչև նրանցով ձեր լրջորեն զբաղվելը, վերջիններս չհասցնեն փախչել երկրից: Եթե դա կատարվեց, դատախազությանն էլ, քննչական կոմիտեին էլ, ոստիկանությանն էլ չի՛ լինելու ո՛չ մի հիմնավոր արդարացում և ներում:
Հարգելիներս, ԹԱՎԻՇՆ ու ՍԱՏԱՆԱՆ անհամատեղելի են: ԹԱՎԻՇ-ը նորմալ մարդու համար է, իսկ պարտված նախկինները նորմալ մարդ չեն, սատանաներ են, որը եբրայերենով նշանակում է՝ սադրիչ, բանսարկու, չարախոս, մատնիչ, ապստամբ…
Զգուշացե՛ք սատանաներից, նրանց գրողի ծոցն ուղարկեք արդարացի կոպտությամբ, բայց ոչ՝ ԹԱՎԻՇ-ով: Արդեն երևաց, և մենք էլ համոզվեցինք, որ ձեր ԹԱՎԻՇ-ը, այսօրվա հարգելի իշխանավորներ, արդեն չի՛ օգնում: Ուրեմն, ժամանակի հրամայականն է՝ ակտիվորեն անցնել կոշտ գործողությունների: Ժողովուրդը միասնական է ու շարունակում է ձեզ աջակցել, օգտվե՛ք ժողովրդի այս շատ կարևոր աջակցությունից:
Ժողովուրդ ջան, այսպիսի բացառիկ հնարավորություն էլ չեք ունենալու, ուրեմն միավորվենք և վերջանակապես երկիրն ազատենք ներքի տականքներից: Մենք հաղթել ենք և վերջնականապես հաղթելու ենք:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Рубрикиkoks