Շշշ։ Մի՛ լացեք, կարող են զարթնել, ես հրեշտակների մամա եմ․․․ այսօր պատուհանից նետված երեխաներին հուղարկավորեցին

Երևանում այսօր հուղարկավորել են հոր կողմից պատուհանից նետված Լեոյին ու Մանանին։

Լեոն 8 տարեկան էր, Մանանը՝ 5։

Երկուսի ձեռքում իրենց սիրելի խաղալիքներն են եղել․ Լեոինն իր արջուկն էր, որ նետվելիս էլ ձեռքում էր եղել։ Մանանինն՝ իր շնիկը։ Մանանի գլխին թագ կար։

Մայրը՝ Սիման, էր այդպես ուզել․

«Մաման ձեր ցավը տանի, հրեշտակներս։ Լեոս իսկական տղամարդ կլինի, իսկ Մանանս` արքայադուստր` ինչպես ուզում էր »։

Մայրը խոսում էր երեխաների հետ, երեխաների մասին, մի քանի օր առաջ իր տաք գրկում քնած երեխաները նրան հիմա էլի քնած էին թվում․

«Շշշ։ Մի՛ լացեք, կարող են զարթնել, շշշշ, խնդրում եմ, մի՛ լացեք։ Իմ հրեշտակները հիմա Աստծո ձեռքերում են։ Պիտի իմանաք` ինձ համար պատիվ է նրանց մայրը լինելը։ Ես հիմա հրեշտակների մամա եմ»։

Գեղեցիկ դեմքը քարացած է։ Արցունքներ չկան։ Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, որ եկել են և խնդրում չաղմկել ու շատ բարձր լաց չլինել։ Երեխաները կարող են վախենալ` նրանք դեռ այնքա՜ն փոքր են։

Մայրը խնդրում է նրան, որ գոնե արտասվի, ցավը դուրս թողնի։ Բայց՝ ոչ։ Սիման անդրդվելի է մնում։ «Մամ, պետք չի։ Սա իմ խաչն է, ես եմ տանելու։ Պետք է պինդ մնալ»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Рубрикиkoks