Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի. Բաթոյան

2020 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը
Նա, մասնավորապես, գրել է.

«Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաեւ գյուղում բնակվող, չաշխատող ծնողները 2020 թ.-ի հուլիսի 1-ից ծնված երեխաների համար:
️Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ:

Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:

-Վերացվել է նաեւ նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի:

— Պարզեցվել է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլեւս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:

-Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար եւ այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում»: