Ռուս-թուրքական «գոլ պատերազմ» արցախյան գոտում. ուժերի նոր կուտակում

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրել է թուրքական զորամիավորումներ Ադրբեջան ուղարկելու մասին որոշում, նախօրեին դրա համար ստանալով խորհրդարանի հավանությունը:

Ինչ ծավալի մասին է խոսքը, առայժմ պարզ չէ, սակայն պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտնի համաձայնությունից հետո Էրդողանի այդ նախաձեռնությունը բավականին տարօրինակ է և, դրանով հանդերձ, առավել մեծ ուշադրության արժանի: Ռուսաստանը այդ որոշումը համարում է Թուրքիայի և Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը, ինչպես նախօրեին խոսում էր նաև այդ երկրի նախագահ Պուտինը: Միաժամանակ, սակայն, ուշագրավ է նաև Ռուսաստանի պարագան, որտեղ Պետդումայի վերին պալատը հավանության է արժանացրել Արցախ ռուսական զորախումբ ուղարկելու որոշումը, որ եռակողմ համաձայնագրով նախատեսված է խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Բանն այն է, որ Կրեմլի խոսնակ Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ չկա Պետդումայի հավանության կարիք՝ երկրի սահմանից դուրս զինուժ օգտագործելու համար:

Ըստ Պեսկովի՝ նախագահն այդ հնարավորությունը ստանում է դեռևս 2015-ին սահմանված իրավասությամբ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է խնդիրը այդուհանդերձ հայտնվել Պետդումայում, ինչո՞ւ է Մոսկվան հարցը ներկայացրել Դաշնային խորհուրդ: Դմիտրի Պեսկովն այդ հանգամանքը բացատրել է առաքելության մասշտաբից բխող անհրաժեշտությամբ: «Առջևում հնգամյա ժամկետ է, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, հաշվի առնելով այդ առաքելության բավականին մասշտաբայնությունը և պատասխանատվությունը, լրացուցիչ թույլտվություն պահանջվեց այդ առաքելության համար», հայտնել է Կրեմլի խոսնակը: Դա առնվազն նշանակում է, որ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում լինելու է թերևս աճող: Դա, ըստ էության, զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը արցախյան գոտի մտել է խաղաղապահ առաքելության առիթով, սակայն նպատակները, անկասկած, ունեն ավելի լայն ռազմավարական ռեգիոնալ բնույթ: Ավելին, Ադրբեջանում աստիճանաբար սկսում են գիտակցել դա և խոսել, անգամ դժգոհել այդ առնչությամբ: Ըստ ամենայնի, հենց այդ նկատառումով էլ իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում ավելացնում է Թուրքիան: Եթե դա ռուս-թուրքական, այսպես ասած, փոխանակում չէ՝ բաժանումների հստակ պայմանավորվածությամբ, ապա հակադրության նոր փուլ է, երբ կողմերը սկսում են ռազմական ներուժի ծավալի կուտակում: Դա կնշանակի, որ Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան գոտում մտնում են ոչ սառը և ոչ տաք՝ այսպես ասած գոլ պատերազմի մի փուլ, երբ ուժեր են կուտակելու և սպասելու են հարմար պահի, դիմացինի թուլանալուն՝ ռազմական և ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2859391.html

Рубрикиkoks